ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2020 16:37
Ի պատասխան ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան գրառման
Ի պատասխան «Facebook» սոցիալական ցանցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետևյալ գրառման (https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10220408309148110), տեղեկացնում ենք, որ Հայկ Խանումյանը 2019 թվականի դեկտեմբերի 3-ին հարցում է ուղարկել ԱՀ ոստիկանություն խնդրելով տեղեկություն՝ 2013 թվականից մինչ 2019 թվականի դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության համակարգից թոշակի անցած ծառայողների անունները, ազգանունները, հայրանունները, կոչումները և թոշակի անցնելու տարեթվերը:
Հերքելով ԱԺ պատգամավորի «տարբեր պատճառներով չեն պատասխանում իմ ուղարկած տարբեր հարցումներին» պնդումը, տեղեկացնում ենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը պատասխանել է Հայկ Խանումյանի հարցմանը:
Ստորև տեղադրում ենք հարցման պատասխանը:
Հարցման մեջ նշված տեղեկությունները «Անհատական տվյալների մասին» օրենքի (այսուհետ`օրենք) 3-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են անհատական (անձնական) տվյալներ (անհատական տվյալ է համարվում նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը):
Ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Բացի այդ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անհատական տվյալների մշակում է համարվում ցանկացած գործողության կամ գործողությունների խումբ` կապված անհատական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման և օգտագործման հետ:
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն արգելվում է այնպիսի անհատական տվյալների հավաքումը և մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալների մշակման նպատակի իրականացման համար:
Ելնելով վերոգրյալից, տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու չէ Ձեզ տրամադրել հարցման մեջ նշված տեղեկությունները: