ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.03.2022 14:05
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 28.02.2022թ.-06.03.2022թ.
2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
Տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 46 հաղորդում։ Դրանցից 39-ն արդեն բացահայտվել է:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 3 հանցագործություն: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտ քաղաքի վարչության, ինչպես նաև շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 2 դեպք:
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 32 վարորդ, 19-ը եղել է անսթափ վիճակում, 306 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է.
Այսօրինակ դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Մի՛ վտանգեք Ձեր և Ձեր մերձավորների կյանքն ու առողջությունը։
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու 5, հափշտակության, անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր։
Թմրամոլության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանց աճեցման և իրացման դեմ ոստիկանության անզիջում պայքարը շարունակվում է: Այս մասով շաբաթվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք:
Հանգստյան օրերըն անհանգիստ են անցել Ասկերանի շրջանի Խրամորթ և Մարտունու շրջանի Նոր շեն գյուղերում: Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղերի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը։ Ադրբեջանական զինուժը կրակահերթ է բացել Խրամորթի ուղղությամբ, իսկ Նորշենում՝ բարձրախոսներով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Ոստիկանության ծառայողների և ռուս խաղաղապահների օպերատիվ արձագանքի շնորհիվ, այս պահին համանքներում հանգիստ է, խուճապ չկա:
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94-02-07: