ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2018 20:44
Թափանցիկ գործելաոճով կոտրել բոլոր կարծրատիպերը. Կոլեգիայի նիստ` ԱՀ ոստիկանության պետի նախագահությամբ
Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի նախագահությամբ կայացած կոլեգիայի նիստը նվիրված էր ոստիկանության 2018թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։Նիստին մասնակցում էր ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։
2018թ 1-ին կիսամյակում ԱՀ ոստիկանության կատարած աշխատանքների մասին հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը։
2018թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 14,2%-ով կամ 58 դեպքով (2017թ.` 409, 2018թ` 351)։
Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու կիսամյակում կազմել է 23.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 համեմատ: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու (31.5%-ից 25.9%) և սեփականության (27.4%-ից 21.6%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, աճել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (28.8%-ից 34.5%), տնտեսական գործունեության (1%-ից 2.6%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (8.1%-ից 10%) ու շրջակա միջավայրի անվտանգության (3.2%-ից 5.4%) դեմ ուղղված հանցագործությունները:
Հաշվետու կիսամյակում 12-ով (156-ից 144) նվազել է միջին ծանրության, 3-ով (32-ից 29) ծանր հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 1 դեպքով (3-ից 4):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6 դեպքով (6-ից 0) նվազել են պետական, իսկ 14-ով (73-ից 59) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 9-ով (12-ից 3) բնակարանային, 4-ով (9-ից 5) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական, իսկ 2-ով (4-ից 2) անձնական, 4-ով (7-ից 3) խարդախությամբ կատարված անձնական գույքի հափշտակության, ինչպես նաև 2-ով` (2-ից 0) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:
Հաշվետու կիսամյակում հանրապետությունում 13 անչափահասի կողմից կատարվել է 17 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 18 անչափահասի կողմից կատարված 19 դեպքի համեմատ։
2018թ 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 2.5%-ով: Այսպես գրանցված 351 (2017թ.՝ 409) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 343 դեպքերից բացահայտվել է 247 կամ 97,6%։
Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար (2017թ.` 31), որոնց հետևանքով մահացել է 5 (2017թ.`5) և մարմնական վնասվածք ստացել 30 անձ (2017թ.`38):
Ոստիկանության պետը մանրակրկիտ վերլուծության ենթարկելով հաշվետու ժամանակաշրջանում գրանցված հանցագործությունները¸ դրանց կանխարգելման և բացահայտման ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։
Ամենաառաջնայինը համարելով նախկին տարիներից չբացահայտված հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը¸ ոստիկանության պետը ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։
Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը առողջ հասարակարգ ունենալու հրամայականով պայմանավորված կարևորեց նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունը¸ իսկ անչափահասներին ճիշտ արժեհամակարգերով դաստիարակության գործում` ոստիկանության կողմից վերջիներիս շրջանում իրականացվող նպատակային պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։
Այնուհետև ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը։
Բավարար գնահատելով ոստիկանության 2018թ 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները¸ ոստիկանության պետը հորդոր-պահանջ ներկայացրեց կոլեգիայի նիստի մասնակիցներին։
---Ոստիկանության ծառայության առանցքը թափանցիկությունն է։ Յուրաքանչյուր քաղաքացու համար գործնականում պետք է տեսանելի լինի թափանցիկության այդ դրսևորումը¸ որի միջոցով միայն հնարավոր կլինի արժանանալ հասարակության լիարժեք վստահությանը։ Կոտրեք բոլոր կարծրատիպերը. Մենք պարտավոր ենք ուժերի գերլարմամբ ստեղծել արդարության և օրինականության մթնոլորտ¸ նշեց ոստիկանության պետը։
Վերջում¸ ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակվեց ոստիկանության պետի հրամանը¸ համաձայն որի ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական վարչության պետի պաշտոնում։
Ոստիկանության պետը պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով Նարեկ Գրիգորյանին¸ համոզմունք հայտնեց¸ որ նրա մասնագիտական ունակությունները կնպաստեն քննչական վարչության ծառայության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն ու քննիչների արհեստավարժության կատարելագործմանը։