ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների
2017թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքների մասին
2017թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 9,4%-ով կամ 19 դեպքով (2016թ.` 203, 2017թ` 222), որը հիմնականում պայմանավորված է մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:
Հանցագործությունների աճին զուգընթաց հանցավորության մակարդակը հանրապետությունում 10.000 բնակչի հաշվարկով կազմել է 15,1 2016թ. 1-ին եռամսյակի 13,6-ի համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (22,7%-ից 34,2%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7,9%-ից 12,2%) և շրջակա միջավայրի անվտանգության (2,4%-ից 3,6%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները: Նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29,1%-ից 22,1%), սեփականության (34,9%-ից 26,1%), և տնտեսական գործունեության (3%-ից 1,8%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Հաշվետու եռամսյակում 1-ով (16-ից 15) նվազել են ծանր, 7-ով (10-ից 3) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործությունները աճել են 1 դեպքով (82-ից 83): Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 3 դեպքերով (4-ից 1):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (16-ից 18) աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 1-ով (2-ից 3) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև 23-ով (26-ից 49)` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից 41-ը ծեծի ենթարկելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 2016թ. նույն ժամանակահատվածի 21-ի համեմատ։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 12 դեպքով (25-ից 13) նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ընդ որում 6-ով` (9-ից 3) թմրամիջոցների ապօրինի իրացումը: Նույն է մնացել (25) հրազեն, ռազմամթերք ապօրինի պահելու դեպքերը, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 1-ով (8-ից 9):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3-ով (5-ից 8) աճել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման, 5-ով (1-ից 6) անձնական գույքի խարդախության, իսկ 3-ով` ուրիշի գույքը դիտավորությամբ և անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերը: Անձնական գույքի հափշտակությունների մասնաբաժնում որպես դրական միտում 23 դեպքով (56-ից 33) նվազել են անձնական գույքի գողությունները, այդ թվում 7-ով (14-ից 7)` բնակարանային:
Հաշվետու եռամսյակում 2 դեպքով (6-ից 4) նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 12-ով (6-ից 18) աճել է պաշտոնեական կեղծիքը, 3-ով (4-ից 1)` նվազել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը:
2017թ. 1-ին եռամսյակում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 166 հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 158 անձ (2016թ.` 156-ի համեմատ), որոնցից 34-ի (38) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 124-ի նկատմամբ (118) կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացվող հիմքերով,
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում 7 անչափահասների կողմից ընդհանուր կատարվել է 8 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 12 անչափահասի կողմից կատարված 12 դեպքերի համեմատ։
2017թ. 1-ին եռամսյակում հանցագործությունների աճի պարագայում նվազել է դրանց բացահայտման արդյունավետությունը։ Այսպես գրանցված 222 (2016թ.՝ 203) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 212 դեպքերից բացահայտվել է 163-ը կամ 98,8%-ը (2016թ՝. 200-ից 153 կամ 100%-ի համեմատ):
Միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններով ապահովվել է 100%, իսկ ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 83,3% (2016թ. 100%-ի համեմատ)։
Վարույթում գտնվող քրեական գործերով 239 (2016թ.՝ 243) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 229 դեպքերից բացահայտվել է 166-ը կամ 93,8%-ը (2016թ.՝ 240-ից 169 կամ 98,8%-ի համեմատ): Միջին ծանրության 90 հանցագործությունից՝ 56-ը կամ 91,8% (2016թ.՝ 99-ից 62 կամ 98,4%), իսկ ծանր 20 հանցագործություններից 6-ը կամ 60% (2016թ.՝ 28-ից 6 կամ 85,7%-ի համեմատ)։ Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 100%։
Վարույթում գտնվող քրեական գործերով 20 ծանր հանցագործություններից 6-ը բացահայտված է, 4-ը՝ չբացահայտված, ինչպես նաև քննության փուլում գտնվող 10 դեպքերից 8-ով հայտնի են կատարող անձինք։
Հաշվետու եռամսյակում նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել է 3 հանցագործություն (2016թ.` 5-ի համեմատ)։
Հաշվետու եռամսյակում 1 դեպքով (8-ից 9) աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով հանցագործությունների, 3-ով` (10-ից 13) ճանապարհատրանսպորտային պատահարների, 6-ով` (11-ից 17) վիրավորների, իսկ 1-ով` (2-ից 1) նվազել զոհերի թիվը։